Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ քաղաքական երկխոսության հետևողական զարգացումը

12:44, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը մեծ հաջողություններ է արձանագրել հասարակական-քաղաքական և տնտեսական առաջընթացի գործում, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Չինաստանի վերելքը կշարունակվի նաև ապագայում:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացմանը, փոխշահավետ համագործակցության հետագա ծավալմանը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ՝ փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը կշարունակի հարաճուն զարգացում ապրել տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:


© 2009 ARMENPRESS.am