«Կինոշոկի» ժյուրիի հատուկ դիպլոմին արժանացել են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադեւոսյանը

11:18, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անապայում ավարտված ԱՊՀ-ի երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի կինոյի «Կինոշոկ 2014» բաց փառատոնի ժյուրիի հատուկ դիպլոմը բաժին է հասել Հայաստանից Արեգ Ազատյանին եւ Շողիկ Թադեւոսյանին «Ռոմանտիկները» ֆիլմի համար: Փառատոնի փակման եւ դափնեկիրների պարգեւատրման արարողությունը սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անապայի «Ամառային էստրադայում»:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթին 13 ֆիլմ է մասնակցել Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Լատվիայից, Ղազախստանից, Ուբեկստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Էստոնիայից, Լիտվայից, Ադրբեջանից, Բելառուսից:

«Ոսկե որթ» գլխավոր մրցանակն ստացել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Սիմինդրի կղզին»:

«Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակը հանձնել են ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկուն «Ցեղը» ֆիլմի համար:

Ժյուրին «Տղամարդու լավագույն դեր» է ճանաչել դերասան Ալեքսեյ Չեռնիխի՝ ռուսաստանցի ռեժիսոր Արսենի Գոնչուկովի «Որդին» կինոնկարի գլխավոր դերակատարի աշխատանքը:

«Լավագույն դերասանուհիներ» են դարձել Պոլինա Պուշկարուկը եւ Վիկտորյա Լոբաչեւան, որոնք գլխավոր դերերն են կատարել Իլմար Ռաագի «Ես չեմ վերադառնա» (Ռուսաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Բելառուս) ֆիլմում:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել էին Լոմեր Ախվլեդիանին (Վրաստան), գրող եւ կինոքննադատ Ալլա Բոսարտը (Ռուսաստան), դերասանուհի Օլգա Լապշինան (Ռուսաստան), սցենարիստ եւ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը (Հայաստան), ռեժիսոր Վլադիմիր Ֆոկինը (Ռուսաստան):

Փառատոնը տեղի է ունեցել Անապայում սեպտեմբերի 21-ից մինչեւ 30-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am