Հայաստանի հրեական համայնքը նշում է հրեական օրացույցի 5775 թվականը

20:00, 25 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրեաները սեպտեմբերի 24-25-ը տոնում են հրեական Նոր տարին` Ռոշ ա Շանան, որը խորհրդանշում է երկրի արարումը: Ավանդույթի համաձայն` այս օրերին ամենազոր Արարիչը հսկում և ապաշխարած հավատացյալներին գրանցում է Կյանքի գրքում: «Արմենպրես»-ն այսօր այցելեց հրեական պաշտամունքային կառույց` Սինագոգ, հրեական համայնքի անդամների հետ միասին տոնելու Նոր տարվա` հրեական օրացույցի 5775 թվականի մուտքը:

Հետզետե հավաքվում էին տեղի հրեաները, միմյանց ողջունում, ապա խաղողի ողկույզների զարդանախշերով հարդարված սանդուղքներով բարձրանում աղոթարան: Հրեաները միմյանց շնորհավորում են ասելով` «Շանա թովա», որը նշանակում է «Լավ Նոր տարի»: Իսկ աղոթարան մտնելիս` համբուրում են մուտքի դռան վրա կախված մեզուզան, որի վրա փորագրված է մի հատված հրեաների Սուրբ գրքից և որը պաշտպանող նշանակություն ունի:

Նոր տարվա առաջին առավոտը Մորդեխայ Նավի սինագոգում սկսվում է առավոտյան աղոթքով, որը կոչվում է շախարիտ: Ռաբբին բնական եղջյուրից պատրաստված ծիսական Շոֆարի հնչյունների ներքո ընթերցում է «Տորա»-ն` հրեաների սուրբ գիրքը` օրհնելով իր ժողովրդին և գալիք տարվա համար Աստծուց խնդրելով բարգավաճություն և պտղաբերություն:

Գրեթե վեց ժամ տևած աղոթքից հետո բացվում է տոնական սեղանը, որը կոչվում է կիդուշ: Որպեսզի գալիք տարին «քաղցր» լինի, հրեաները խնձորը թաթախում են մեղրի մեջ, իսկ առաջավոր եւ հաջողակ լինելու համար՝ ուտում են ձկան գլուխ` զարդարված կլոր կտրատված գազարներով, ինչը խորհրդանշում է փող ու հարուստ տարի:  Բացառվում են աղի, կծու ուտելիքները:


© 2009 ARMENPRESS.am