Արտաշատում անցկացվեցին Դպրոցականների սպարտակիադայի աթլետիկայի եզրափակիչ մրցումները

21:33, 23 Սեպտեմբեր, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում անցկացվեցին Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի ծրագրով նախատեսված աթլետիկայի եզրափակիչ մրցումները, որին մասնակցում էին Երեւանի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Արարատի մարզերի եւ Արցախի թիմերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 10 աղջիկ եւ 10 տղա, ովքեր մրցեցին 100 մ, 200 մ,  400 մ, 800 մ եւ 1500 մ վազք, փոխանցումավազք եւ հեռացատկ մրցաձեւերում: Հաղթողները որոշվեցին հետեւյալ թիմային հաշվարկով. աղջիկների թիմերից առաջին տեղը գրավեց Երեւանի, երկրորդ տեղը` Արտաշատի եւ երրորդ տեղը` Լոռու մարզի հավաքականը: Տղաների թիմերից առաջին տեղը զբաղեցրեց Երեւանի, երկրորդ տեղը` Ացախի եւ երրորդ տեղը Արտաշատի հավաքականը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի, մեդալների, իսկ առաջին տեղը զբաղեցրած թիմերը` նաեւ գավաթների:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցներ, մարզիչներ, մարզիկներ, հյուրեր:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am