Ճանապարհային ոստիկանությունում կայացել է Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը

21:59, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունում սեպտեմբերի 22-ին կայացել է Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանել է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Օհանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարցերը վերաբերում էին տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին, դրանց բողոքարկման կարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ոլորտի այլ հարցերի:

Skype-ի միջոցով «Ուղիղ կապ»-ը ճանապարհային ոստիկանությունում գործելու է աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ` ժամը 15.00-ից 17.00-ը: 

Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝ Armenian Roadpolice:

Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ info@roadpolice.am էլեկտրոնային փոստի հասցեին:


© 2009 ARMENPRESS.am