ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կխորացնի հայ-ռուսական հումանիտար կապերը

17:10, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսաան միությանը Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական հումանիտար կապերի ամրապնդման և առավել խորացման համար: Այս մասին հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստում նշեց ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն առաջին հերթին կվերացնի միգրացիոն խնդիրները և քաշքշուկները: Դրանից հետո հայերը կկարողանան ազատ ժամանել Ռուսաստան: Եվ դա կկարողանան անել ոչ միայն հայ շինարարները, ում մասին լեգենդներ են պտտվում, այլ նաև քիմիկոսներ, ֆիզիկոսներ, տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր հնարավորություն կունենան Ռուսաստանում սովորելու, աշխատելու ապրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շվիդկոյը:

Նրա խոսքով` ներկայումս Ռուսաստանում որոշակի խնդիրներ կան օտարերկրացի մասնագետներին աշխատանքի վերցնելու առումով, հատկապես` գիտության ոլորտում: Նա հավելեց, որ շատ հաճախ, երբ իրեն որևէ մասնագետ է անհրաժեշտ լինում այլ երկրից, դրա համար ստիպված է լինում մեծ գումարներ վճարել: «Մեզ ասում են` վերցրեք ռուս մասնագետի և, երբ ես ասում եմ, որ ինձ հայ մասնագետն է պետք, դրա համար գումար են պահանջում»,- ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի, որպեսզի այս խնդիրները վերանան և տնտեսական միասնական տարածքի անդամ երկրների քաղաքացիները միմյանց տարածքներում ազատ շարժվելու և աշխատելու հնարավորություն ունենան:


© 2009 ARMENPRESS.am