Երևանում նախորդ շաբաթ մաքրվել է 325 անձրևընդունիչ

15:42, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ կապված` քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  որոշ կազմակերպություններ խախտել են պայմանագրով սահմանված ժամկետները, և աշխատանքներն առայժմ ավարտված չեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ վարչարարության իրականացման ուղղությամբ:

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինության 10 դեպք, նախկինում արձանագրված 7 դեպքի մասով էլ կազմակերպվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխուժացնել աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքներն ու գործընթացը պահել անմիջական հսկողության տակ:

«Չնայած իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուամենայնիվ, այս ոլորտում մեր անելիքները դեռ շատ են և այդ նպատակով պետք է որոշակիորեն փոփոխենք մեր աշխատակարգը: Եվ այստեղ մեծ անելիք ունեն վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատակազմերի պատասխանատուները, որպեսզի կարողանանք ընդհանրապես բացառել ապօրինի շինարարություններն ու հողազավթումները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ մաքրվել է 325 անձրևընդունիչ: 


© 2009 ARMENPRESS.am