ԵԽԽՎ նախագահը Բաքվում լսել է քաղաքացիների և իրավապաշտպանների բողոքները

14:20, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը Բաքվում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալութունը:

Հանդիպման ժամանակ ներկաները ԵԽԽՎ նախագահին տեղեկացրել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության վրա պետության կողմից կիրառվող բռնությունների մասին: Մասնավորապես, խոսք է եղել REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալ Թոֆիք Յագուբլուի դեմ սկսված դատական գործընթացների, իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակի մասին:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն իր անհանգստությունն է հայտնել տիրող իրավիճակի կապակցությամբ` խոստանալով այս հարցերն  առաջ քաշել նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am