Սիրիայից թուրքական տարածք են անցել ավելի քան 100 հազար քրդեր

13:12, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը և Թուրքիան հաստատում են, որ Սիրիայից թուրքական տարածք են անցել ավելի քան 100 հազար քուրդ գաղթականներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻԼԻՊ խմբավորումը մահապատժի է ենթարկել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական գյուղերի գերիներին: Նրանց թվում կանայք և երեխաներ կան: Մինչև այժմ հստակ տեղեկություններ չկան, թե որքան է գերիների կամ սպանվածների թիվը: Ոչ պաշտոնական տեղեկություններով անհայտ կորածների թիվը գերազանցում է 800-ը: 

Շարունակվում են թեժ բախումները Այն ալ Արաբ քաղաքում ԻԼԻՊ-ի և քրդական ուժերի միջև: Քրդերը տեղեկացրել են, որ Թուրքիան աջակցում է ԻԼԻՊ-ին, միևնույն ժամանակ քրդական ուժերը ուժեղ դիմադրություն են ցույց տալիս: Մեկ օրվա ընթացքում 3 տասնյակից ավելի ահաբեկիչներ են սպանվել: 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակում է գործել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քրդական քաղաքի վրա: Քաղաքը կարևոր նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատեն Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա, թուրքական սահմանի մերձակայքում:  


© 2009 ARMENPRESS.am