Ուկրաինայում հրադադարը չպետք Է առավելություններ ստանալու առիթ դառնա. ԵԱՀԿ

10:22, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հրադադարը առավելություններ ստանալու համար օգտագործելու փորձերը կարող են հանգեցնել դրա վիժեցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուս լրագրողներին հայտարարել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քրատուղար Լամբերտո Զանիերը:

«Այդ զինադադարը չի կարող առիթ դառնալ առավելություններ ստանալու փորձերի համար, քանի որ այդ դեպքում ամեն ինչ կխափանվի»,- ասել է Զանիերը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կայացած հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց կան խախտումներ, որոնք ԵԱՀԿ-ն խստիվ դատապարտում է: Զանիերը նաեւ հավաստել է, որ այժմ Ուկրաինայում են գտնվում ԵԱՀԿ-ի շուրջ 80 դիտորդներ, եւ նրանց թիվը կհասցվի 500-ի:

«Մենք, իրոք, ցանկանում ենք ավանդ ներդնել, որքան որ դա հնարավոր է, որպեսզի կայունացնենք հրադադարի ռեժիմը եւ լիցքաթափենք ճգնաժամը»,- ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քրատուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am