Մխիթարյանի մասնակցությունը Հայաստան-Սերբիա խաղին կասկածի տակ է

15:09, 21 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային  հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնց»-ի  հետ խաղում վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանը վնասվածք է ստացել հանդիպման վերջին րոպեին, երբ նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին, ինչից հետո նա ոտքին հարված է ստացել մրցակցի պաշտպանի կողմից:

Դորտմունդ վերադառնալու ճանապարհին  Մխիթարյանը ցավեր է զգացել և դիմել է թիմի բժշկի օգնությանը: Բուժզննումից հետո «Բորուսիա»-ի  բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ 25-ամյա կիսապաշտպանից ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Սերբիայի ազգային հավաքականին: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունն այդ հանդիպմանը, փաստորեն, կասկածի տակ է: Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում արդեն մեկ հանդիպում անցկացրել է` մրցակի հարկի տակ 2-1 հաշվով զիջելով Դանիայի ընտրանուն: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր:


© 2009 ARMENPRESS.am