Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքը

12:51, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՄՆՊՐԵՍ: Ադրբեջանում մեկնարկել է «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հիմնարկեքի, ինչպես նաև «Դարի պայմանագիրը» կնքելու 20-ամյակին նվիրված արարողությանը ներկա են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը, Բուլղարիայի Նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եվրոպայից և ԱՄՆ-ից: Արարողությանը պետք է մասնակցեր նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սակայն վերջինս շտապ վերադարձել է հայրենիք` կապված Իրաքում գերեվարված թուրք դիվանագետներին ազատ արձակելու հետ: Դավութօղլուի փոխարեն ներկա է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Ներկաները համզոմունք են հայտնել, որ «Հարավային գազային միջանցքը» կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն կունենա: Մասնավորապես, այն կարևոր դեր կխաղա Եվրոպային գազ մատակարարելու գործում:

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող գազային միջացնքով նախատեսվում է 2016 թվականին գազ մատակարարել Թուրքիա, իսկ արդեն 2019 թվականին` Եվրոպա:


© 2009 ARMENPRESS.am