ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

20:44, 19 Սեպտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից,     խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով  արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական ճակատներում։

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված դրական տեղաշարժերը։

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների կողմից բարձրացված հարցերին։


© 2009 ARMENPRESS.am