Շոտլանդիայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել

20:24, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախականների ղեկավար Ալեքս Սալմոնդը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, այս մասին Սալմոնդը հայտարարել է Էդինբուրգում անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո:

Նա հայտարարել է, որ լքում է Շոտլանդիայի  տարածաշրջանային կառավարության առաջին նախարարի, ինչպես նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նոյեմբերին Շոտլանդիայի ազգային կուսակցության ամենամյա համագումարի ժամանակ նա չի առաջադրելու իր թեկնածությունը վերը նշված պաշտոններից որևէ մեկում:

«Շոտլանդական քարոզարշավը շարունակվում է: Հույսը երբեք չի մեռնում»,- ասել է նա՝ խոստովանելով հանրաքվեում անկախականների պարտությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այլ քաղաքական գործիչներն այս պահին ավելի լավ դիրքերում են՝ այս ընթացքում հնարավորություններն առավել զարգացնելու և բրիտանական կառավարությանը ճնշելու համար:

Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է համալրել Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորների շարքերը:

Սեպտեմբերի 18-ին անցկացված Շոտլանդիայի անկախության  հանրաքվեի արդյունքներով՝ քվեարկողների շուրջ 55 տոկոսը դեմ է անկախությանը, կողմ՝ ավելի քան 44 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը բավական բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող շոտլանդացիների շուրջ 85 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am