ԱԺ-ում հյուրընկալել են Քուվեյթի խորհրդարանի պատգամավորներին

15:34, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 18-ին հանդիպել են Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը: Խմբի ղեկավարը նշել է, որ փոխադարձ այցերը կնպաստեն հետագայում եւս երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը: Արաիկ Հովհաննիսյանի խոսքով՝ երկու երկրների միջեւ այսօր առկա է մեծ հնարավորություն տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար:

Քուվեյթի խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորել է փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը:

Երկու կողմերն էլ նշել են, որ բազմաթիվ ոլորտներում համագործակցության եւ ներդրումներ կատարելու լայն հնարավորություններ կան: Ներդրումների փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում հատկապես կարեւորվել է փոխգործակցությունը գյուղատնտեսության, արդյունաբերության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտներում: Կարեւորվել է նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները շնորհակալություն են հայտնել Քուվեյթի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, սիրիահայ փախստականներին հումանիտար օգնություն, ինչպես նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանքների իրականացմանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 


© 2009 ARMENPRESS.am