Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել

10:33, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ հասնելով 2325-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Wealth-X ընկերության եւ UBS բանկի կողմից անցկացված հետազոտության տվյալներին: Վերջին 12 ամսվա ընթացքում  մարդկանց թիվը, որոնց կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ դոլար եւ ավելի, մեծացել է 155-ով:

2014 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը գնահատվել է 7,3 տրիլիոն դոլար, այդպիսով, այդ մարդիկ աշխարհի ամբողջ հարստության 4 տոկոսի սեփականատերն են:

Հետազոտության տվյալների համաձայն՝ առավել նորաթուխ միլիարդատերերի մեծ մասը բաժին Է ընկնում ասիական տարածաշրջանին: Վերջին տարվա ընթացքում այնտեղ հսկայական կարողություն է կուտակել 52 մարդ, նրանցից 33-ը Չինաստանի քաղաքացիներ են:

Բացի այդ, մասնագետները վերլուծել են տեղեկատվությունն այն մասին, թե առավելապես որ երկրներում են ապրում աշխարհի ամենահարուստ մարդիկ: Առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը՝ 510 մարդ, երկրորդ տեղում Չինաստանն է (190), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (130), չորրորդում՝ Գերմանիան (123): Ընդամենը Եվրոպայում ապրում է 755 միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը գնահատվում է 2,3 տրիլիոն դոլար:

Փաստաթղթում նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 80 տոկոսն իրենց միլիարդները վաստակել են ինքնուրույն, այլ ոչ թե բազմապատկելով ազգականներից ժառանգություն ստացած միջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am