Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի ազգայնական կուսակցության պատգամավորների հետ

13:01, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում` կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն անդրադարձել են նախօրեին Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին` ի սատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, և ընդգծել, որ այն կարևոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բասկերի Երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հարաբերությունների ընդլայմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր։ Երկուստեք ընդգծվել է նաև կուսակցությունների մակարդակով երկկողմ շփումների հաստատման կարևորությունը։ 


© 2009 ARMENPRESS.am