Դասագրքերի օգտագործման և պահպանման նկատմամբ կսահմանվի հատուկ հսկողություն

17:44, 16 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում ուսումնական տարվա մեկնարկից դպրոցներում հատուկ հսկողություն է իրականացվում դրամահավաքության, ինչպես նաև դպրոցներում տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ այլ իրերի վաճառքի հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ հսկողության արդյունքում որևէ դեպք չի հայտնաբերվել:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Անդրադառնալով հանրակրթական որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ օրեր առաջ լրատվամիջոցներով հնչած ահազանգին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել դասագրքերի օգտագործման և պահպանման նկտամամբ, նաև օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել արձանագրված դեպքը բացահայտելու ուղղությամբ:

«Նախորդ շաբաթ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին հանրակրթական դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքի մասին, ինչը մտահոգիչ է ու պահանջում է հրատապ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Որևէ մեկն իրավունք չունի վաճառել դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից վարձակալական հիմունքներով դպրոցներին տրամադրված դասագրքերը: Ըստ այդմ, ուսումնասիրեք խնդիրն ու ձեռնարկեք անհրաժեշտ բոլոր քայլերը մեկ օր շուտ դեպքը բացահայտելու ուղղությամբ, ինչը, համոզված եմ, կկանխի գրքերի վաճառքի հետագա փորձերը: Ուսումնասիրություններից և ստուգայցերից հետո, անհրաժեշտության դեպքում, նյութերն ուղարկեք ոստիկանություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


© 2009 ARMENPRESS.am