Արոնյանն անհամբերությամբ է սպասում Անանդի հետ պարտիային

10:40, 16 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անհամբերությամբ է սպասում Վիշվանաթան Անանդի հետ խաղին:

«Միշտ էլ սպասում եմ Անանդի դեմ խաղերին: Նա իսկապես շատ լավ շախմատիստ է: Շախմատիստները սիրում են մարտահրավերներ, իսկ Անանդի դեմ խաղը մարտահրավեր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջբերում է առաջնության կայքը:

Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը ուժերը կչափի Անանդի հետ:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Վիշի Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց` չեմպիոնական տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար: 

 


© 2009 ARMENPRESS.am