Հայաստանում հոկտեմբերին շահագործման կհանձնվեն առաջին սպանդանոցները

14:24, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի կառավարության աջակցությամբ  հոկտեմբերին Հայաստանում շահագործման կհանձնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոցները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ քննարկել է Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար, ապա անցել ծրագրին վերաբերող հարցերի քննարկմանը:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը` ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար», - ասել է նախարարը: 
Իր հերթին դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի համար և տեղեկացրել, որ ծրագրի համար պահանջվող սարքավորումների վերջին խմբաքանակը շուտով կառաքվի Հայաստան: 
Պատվիրակության անդամ, սպանդանոցների համար սարքավորումների մատակարար պարոն Գ. Հացիոկիմիդիսը հավելել է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն հույն մասնագետներ` սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու և հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնելու համար: 
Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Հունաստանի Հանրապետության Նախագահի առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունները նախատեսում են ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, այցի ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել հայ և հույն գործարարների բիզնես-հանդիպում: 
Զրույցի ավարտին կողմերը գոհունակություն են արտահայտել իրականացվող ծրագրերի ընթացքի առնչությամբ և ցանկություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:


© 2009 ARMENPRESS.am