Հայ-թուրքական սահմանը հատած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի. ԲԱՑԱՌԻԿ

10:24, 11 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:

Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում, Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով: Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի` Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախորեն կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, որքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ`աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:

Սահմանախախտին կանգնեցնելու եւ ձերբակալելու առիթով բնակիչները տեղեկացրել են ռուս սահմանապահներին, ովքեր, արագ արձագանքելով կանչին, հետազոտել են Արաքս գետի ափի այն հատվածը, որտեղ ենթադրաբար ջրից դուրս էր եկել սահմանախախտը: Այդ հատվածում գտնվել է սև սպորտային ուսապարկ, որի մեջ գտնվում էին որպես Ֆարիդ Սատարա ներկայացածի անձնական իրերը:

Նույն օրը ռուս սահմանապահները սահմանախատին փոխանցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր արդեն ավելի մանրամասն կքննեն սահմանախախտի արարքի հանգամանքները:

Սեպտեմբերի 11-ին Արարատյան մարզի Արարատ քաղաքում Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախության համար կպարգևատրվեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից:


© 2009 ARMENPRESS.am