ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վրդովված է լրագրող Սոտլոֆի մահապատժից

10:56, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ինքը խիստ զայրացած է այն տեսագրությունը դիտելուց հետո, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալը, ենթադրաբար, մահապատժի է ենթարկել ամերիկացի լրագրող Սթիվեն Սոտլոֆին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հաղորդել է Agence France-Presse-ը:

«Մենք բոլորս զայրացած ենք «Իսլամական պետության» զինյալների կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունների վերաբերյալ Իրաքից ստացվող լուրերից, ներառյալ եւս մեկ լրագրողի գազանաբար գլխատելու մասին երեկվա հաղորդումը», -ասել է գլխավոր քարտուղարը:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ներկայում ստուգում են Սոտլոֆի զոհվելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, Սոտլոֆն իր մահապատժից առաջ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկադրված է իր կյանքով վճարել Իրաքի իրադրությանը միջամտելու համար:

Սեպտեմբերի 2-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Համացանցում զետեղել են ամերիկացի լրագրող Սթիվեն Սոտլոֆի մահապատժի տեսագրությունը: «Երկրորդ ուղերձն Ամերիկային» վերտառությամբ տեսագրության մեջ դիմակավոր ահաբեկիչը գլխատում է Սոտլոֆին: Նա նաեւ սպառնում է մահապատի ենթարկել մեկ այլ պատանդի՝ բրիտանացի Դեւիդ Հեյնսին, եւ կոչ է անում մյուս երկրների կառավարություններին հրաժարվել «Իսլամական պետության դեմ Ամերիկայի սատանայական դաշինքին» աջակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am