Հայաստանի և Արցախի երիտասարդները միավորվել են հանուն ծխելու դեմ պայքարի

10:12, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը:

Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր երիտասարդները:

Ընտրված երիտասարդները հոկտեմբերին կմասնակցեն Արցախում կայանալիք համատեղ ինտերակտիվ դպրոցին, որն իրականացվելու է մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, կներկայացվեն վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Կներկայացվի ծխախոտի օգտագործումը հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյուններից, կբերվեն օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։


© 2009 ARMENPRESS.am