Գեղարքունիքի մարզում ընթանում է մասուրի եւ չիչխանի բերքահավաքը

21:18, 2 Սեպտեմբեր, 2014

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել եւ ընթանում է սննդի եւ ժողովրդական բժշկության մեջ լայնորեն օգտագործվող արժեքավոր վայրի պտուղների` մասուրի եւ չիչխանի բերքահավաքը: Մասուրի եւ չիչխանի բերքահավաքով ու վաճառքով զբաղվող առանձին անհատներ «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս տարի վայրի պտուղների բերքահավաքը սկսվել է սովորականից ավելի քան երկու շաբաթ ավելի վաղ: Թե՛ մանսագետները, թե՛ պտղի հավաքմամբ զբաղվող անհատները դա պայմանավորում են Գեղարքունիքում ամռան ամիսներին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանով, ինչի արդյունքում համեմատաբար արագ են հասունացել ինչպես վայրի, այնպես էլ մշակովի պտուղները: Մասուրի մեկ կիլոգրամը շուկաներում վաճառվում է 500-600, չիչխանի մեկ կիլոգրամը` 400-500 դրամով: Չիչխանի բերքը հիմնականում հասունացել է Սեւանա լճի ափամերձ արհեստական անտառներում, իսկ մասուրի բերքը` նախալեռնային եւ լեռնային գոտիներում: Նախորդ տարվա համեմատ, ըստ ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության տվյալների` մասուրը եւ չիչխանը իրացվում են գրեթե կրկնակի թանկ գներով: Նույն աղբյուրի կանխատեսմամբ` մասուրի բերքահավաքը բերքի սակավության պատճառով կավարտվի մինչեւ սեպտեմբերի առաջին կեսը, իսկ ահա չիչխանի բերքահավաքը կընթանա մինչեւ ձմռան սկիզբ, քանի որ Սեւանը գոտեւորող արհեստական անտառներում առկա է բերքի մեծ քանակություն:

 Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am