ՀՀ ոստիկանությունը «Սքայփ»-ով պատասխանեց սփյուռքահայերի հարցերին

20:44, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ արտերկրի հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, «Սքայփ»-ի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Առաջին ուղիղ կապը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ստացված հարցերի մեծ մասի պատասխանը տրվեց տեղում: Իսկ մեկ տեսազանգ շոշափում էր կոնկրետ խնդիր. անձին հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը` նշելով իր մասնավոր դեպքը: Քանի որ մեր հայրենակիցն այս օրերին գտնվում էր Հայաստանում, նրան առաջարկվեց համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` հարցն արագ կարգավորելու համար:
 
Հիշեցնենք, որ այս նոր ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, «Սքայփ»-ի Armenia Police հասցեով: Հարցերը կարելի է ուղղել նաև press@police.am և qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին:
Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի:
 

 


© 2009 ARMENPRESS.am