Թուրքիայի հայկական դպրոցները մի շարք խնդիրների առաջ են կանգնած

13:20, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների նման հայկական համայնքն ևս ունի կրթական խնդիրներ, որոնք ուշադրության և լուծման կարիք ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս խնդիրների վերաբերյալ «Ակոս» պարբերականը զրուցել է «Թուրքիայում բնակվող հայերի կրթական խնդիրները» աշխատության հեղինակ Գյոզդե Յըլմազի հետ:

Խոսելով կրթական համակարգում առկա բացթողումների մասին` Յըլմազը նախ նշել է, որ փոքրամասնությունների դպրոցները գերազանցապես տեղակայված են հին շենքերում, որոնք վերականգնելու կարիք ունեն, մինչդեռ համայնքների նյութական միջոցները չեն բավականացնում դպրոցների շինությունները վերանորոգելու համար:

Որպես հայկական համայնքի կրթական մեկ այլ խնդիր են մատնանշվում դասագրքերը, որոնք հայերեն են թարգմանվում և հրատարակվում Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից: Ակնհայտ երևում է, որ թուրք հեղինակները դասագրքերում որպես առաջնային պլան են մղում թուրքական ինքնությունը: Բացի այդ, գրքերում տեղ են գտնում այնպիսի աղբյուրներ, որոնցում կան խտրականություն կամ ատելություն սերմանող արտահայտություններ:

Հայկական դպրոցներում հայերեն անցկացվող առարկաները դասավանդում են պայմանագրային ուսուցիչները, իսկ արդեն թուրքերեն և մշակույթ դասավանդող ուսուցիչները նշանակվում են կրթության նախարարության կողմից: Դպրոցի տնօրենի օգնականը պարտադիր լինում է թուրք` կրկին նշանակված նախարարության կողմից, ինչը ոչ հազվադեպ պատճառ է դառնում էթնիկ կամ ինքնության խնդրի:

Քանի որ քննություններն այս դպրոցներում պարտադիր անցկացվում են թուրքերեն, աշակերտները ստիպված են լինում սովորելու ժամանակ նախապատվություն տալ հենց թուրքերենին, այլ ոչ թե հայերենին:

Յըլմազը որպես հայկական դպրոցների առջև ծառացած խնդիրների լուծում առաջարկում է պետական բյուջեից մշտապես հատկացումներ կատարել դպրոցներին` հաշվի առնելով այն, որ դրանք գտնվում են Թուրքիայի Հանրապետության տարածքում, իսկ այդ դպրոցների սաները Թուրքիայի քաղաքացիներ են:  Բացի այդ, Յըլմազի համոզմամբ, ճիշտ կլինի, եթե որևէ արգելք չդրվի վերոնշյալ հայկական դպրոցներում Հայաստանից եկած հայերի երեխաների սովորելու հարցում:


© 2009 ARMENPRESS.am