Ադրբեջանում հրամայել են խլել հոգեհացի ուտելիքը

19:23, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում սոցիալական պայթյունի մեծ հավանականությունից սարսափած Ադրբեջանի իշխանությունը որոշել է վերացնել ադրբեջանական ժողովրդի մեջ ավանդույթի վերածված ճոխ թաղումներն ու հարսանիքները, որոնք մեծ նյութական բեռ են դարձել օրեցօր կենսամիջոցներից զրկվող ադրբեջանցիների գլխին: Ինչպես ադրբեջանական իշխանությունների ցանկության առաջին ծիծեռնակ, առաջին փորձարկումը որոշել է իր իշխանության տիրույթում կատարել Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը, ով, սակայն, ամեն տարի Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի ծննդյան օրը նրա տարիքի երկարությամբ տորթ է պատրաստում, որը համտեսելու համար գալիս է ամբողջ քաղաքի քաղցած բնակչությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azvision.az լրատվական կայքը, հղում կատարելով քաղաքի գործադիր իշխանությանը, հայտնում է, որ Սումգայիթի ղեկավարը քաղաքի բոլոր բնակշահագործման գրասենյակների պետերին հանձնարարել է թույլ չտալ թաղումների ճոխ եւ ծախսատար արարողություններ:

Մասնավորապես, բնակշահագործման գրասենյակների աշխատակիցները պետք է հետեւեն այն բանին, որպեսզի հոգեհացի ժամանակ հյուրերին ուտելիք չառաջարկվի:

Էլդար Նամազովի հանձնարարությամբ` հոգեհացի ժամանակ հյուրերին կարելի է միայն թեյ մատուցել: Եթե հոգեհացի արարության ժամանակ բնակշահագործման ներկայացուցիչները սեղաններին ուտելիք եւ միրգ տեսնեն, ապա նրանք դա խլելու են եւ փոխանցելու են մանկատներին ու ծերանոցներին:


© 2009 ARMENPRESS.am