Գիտելիքի օրվա առթիվ ԱԺ նախագահն այցելել է նախկինում իր ղեկավարած դպրոցը

15:53, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, «Քվանտ» վարժարան է ուղեկցել թոռնուհուն, ով առաջին անգամ դպրոց էր գնում: Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելել է նաեւ Երեւանի համար 185 հիմնական դպրոց, որի հիմնադիր տնօրենն է եղեկ երկար տարիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հուզմունքով եւ առանձնահատուկ ջերմությամբ են դիմավորել իրենց նախկին տնօրենին: Տոնական միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները հանդես են եկել բանաստեղծական եւ երաժշտական կատարումներով:

Ողջունելով մանկավարժներին և դպրոցականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր ծրագրեր, նոր մտորումներ և նոր երազանքներ: Նա նշել է, որ չնայած խնդիրներին՝ պետությունը կարևորում է գիտելիքն ու կրթությունը և ապագա սերնդի ներկայացուցիչների համար ջանք ու եռանդ չի խնայում այս հարցում: Պարոն Սահակյանի խոսքով՝ հայ ծնողները ևս, գնահատելով կրթության եւ դպրոցի դերը իրենց երեխաների կյանքում, ձգտում են լավագույն պայմաններ ստեղծել կրթվելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ հաջորդ տարի դպրոցի անձնակազմի համար հոբելյանական տարի է լինելու, քանի որ դպրոցի հիմնադրման 30-ամյակն է:

ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվել է առաջին դասարանցիների հետ, որից հետո շրջել է դասասենյակներով: ԱԺ նախագահը դպրոց դատարկաձեռն չէր գնացել. երեխաները օրվա առթիվ նվերներ են ստացել: 


© 2009 ARMENPRESS.am