Պարը համախմբել էր յոթ գյուղերի փոքրիկներին

13:46, 1 Սեպտեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարի հանդեպ սերը համախմբել էր Արթիկի տարածաշրջանի յոթ գյուղերի փոքրիկ պարողներին: «Արմինա» պարային ստուդիայի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին Հառիճի վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ  բարեգործական համերգ՝ նվիրված Գիտելիքի օրվան: Համերգի ընթացքում պարային տարբեր ոճերով հանդես եկան ստուդիային կից խմբերի 4-14 տարեկան երեխաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ «Արմինա» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արմինե Ալեքսանյանը, համերգի կազմակերպումը ոչ միայն երեխաների  աշխատանքն ի ցույց դնելն էր, այլ նաև սեպտեմբերի 1-ին ընդառաջ նրանց բարձր տրամադրություն հաղորդելը: «Նմանատիպ նախաձեռնությամբ մինչ այս հանդես ենք եկել ինչպես Երևանում, այնպես էլ Կոտայքում, հիմա արդեն հերթը Շիրակինն է: Ուրախ եմ, որ պարի հանդեպ սերը համախմբել է Արթիկի տարածաշրջանի 7 գյուղերի 120 երեխայի: Ի դեպ, այս համերգի համար տարածքի ընտրությունը երեխաներինն  էր՝ կարևորելով Հառիճի դերը  գիտության ու ապագա հոգևորականների կրթության գործում»,-նշեց Արմինե Ալեքսանյանը: 

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am