Արմեն Երիցյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

13:30, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, հանդիպել է նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողներին ու դասախոսական կազմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարարը  շնորհավորել է երիտասարդներին բուհ ընդունվելու և ուսանող դառնալու կապակցությամբ: «Կարծում եմ` յուրաքանչյուրիդ համար մեծ պատիվ է լինել մեր ակադեմիայի ուսանող: Ինքս սովորել եմ Կալինինգրադում ու մինչև հիմա շատ լավ հիշում եմ այդ տարիները: Ակադեմիան տարբեր ոլորտների մասնագետներ է պատրաստում, և իմ հանձնարարականն է` մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուներին և համակարգչային գիտելիքներին, որպեսզի կարողանանք մեր ուսանողներին վերապատրաստման ուղարկել նաև արտերկիր: Սա այն եզակի բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որի շրջանավարտներն ապահովվում են աշխատանքով: Ես հորդորում եմ ձեզ լավ սովորել, որպեսզի կարողանաք գտնել ձեր տեղը կյանքում: Եթե ձգտում չունեցաք, անելիք չունեք որևէ բուհում»,-նշել է Արմեեն Երիցյանը:

Նախատեսվում է ակադեմիայում դասախոսություններ կարդալու համար հրավիրել տարբեր գիտնականների, իսկ ԱԻՆ ղեկավար կազմը, ԱԻ նախարարի հրամանով, պետք է պարտադիր դասախոսության ժամեր ունենա ակադեմիայում: Այս տարի ակադեմիայի բակալավրիատ է ընդունվել 61, մագիստրատուրա` 40 երիտասարդ: Հեռակա ուսուցման համակարգ է դիմել 127 ուսանող: ՃԿՊԱ քոլեջ է ընդունվել 40 պատանի, որոնցից 9-ը` Ստեփանավանում:

Հանդիպման ընթացքում, օգտվելով առիթից, նոր ընդունված ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել նախարարին` օտարերկրյա քաղաքացիների ուսման, աշխատանքի տեղավորման, արտերկրում ուսումը շարունակելու, փրկարար ծառայության կոչումների շնորհման կարգի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին:

Ավարտին Արմեն Երիցյանը շրջել է ակադեմիայի շենքում` ծանոթանալով աշխատանքային և ուսման պայմաններին:


© 2009 ARMENPRESS.am