Թուրքական թերթը պատմել է Սասունում հայկական գյուղի իսլամացման մասին

14:35, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» թերթը 1964 թվականի ապրիլի 7-ի իր համարում պատմել է Սասունի հայերով բնակեցված Աջար գյուղի բոլոր բնակիչների իսլամ ընդունելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական sasun.org լրատվական կայքը, «Հուրիեթ»-ը գրել էր, որ իսլամ ընդունելուց հետո հայկական գյուղի եկեղեցին վերածվել է մզկիթի, բոլոր տղամարդիկ թլփատվել են, գյուղացիները փոխել են իրենց անունները` ընդունելով մահմեդական հնչեղությամբ անուններ:

Աջար գյուղն այն ժամանակ ունեցել է 30 ծխից բաղկացած 88 բնակիչ, որոնցից 48-ը` երեխաներ: Հայերի իսլամ ընդունելու արարողակարգը ղեկավարել է Բաթմանի (Սասունի) մուֆթի Ալաեդդին Յավուզը: Նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ այդ գյուղի հայերը ասորական եկեղեցու հետեւորդներ են եղել:

Գյուղի նախկին հոգեւոր հովիվ Իսա Դեմիրչին պատմել է, որ հայ գյուղացիների առաջ իսլամ ընդունելու պահանջ է դրել շեյխ Քասըմ Բեդոն:

«Հուրիեթ»-ի հրապարակումը վկայում է 1923-ին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն անգամ 1960-ականներին շարունակվելու մասին:


© 2009 ARMENPRESS.am