Էրդողանը ելույթ է ունեցել նախագահական Չանքայա պալատում և շքանշան տվել Գյուլին

20:33, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների և օտարերկրա հյուրերի ներկայությամբ նախագահական Չանքայա պալատում հանդես է եկել նախագահի պաշտոնում իր առաջին ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նախքան արարողության սկսվելը Էրդողանը պատվո շքանշան է շնորհել երկրի նախագահի պաշտոնը 2007 թվականից զբաղեցնող Աբդուլլահ Գյուլին:

Իր ելույթում Էրդողանը նշել է, որ նոր նախագահի ընտրությամբ Թուրքիան փակում է նախկին շրջանը և մտնում մի նոր ժամանակաշրջան: Էրդողանի խոսքերով՝ իրենց արտաքին քաղաքականության հիմանական առանցք են լինելու խաղաղությունը, համագործակցությունն ու բարօրությունը: Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան որևէ պետության տարածքների վրա հավակնություն չունի, և ոչ էլ ցանկանում է միջամտել այլ երկրի ներքին գործերին:

Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու համար Անկարա է մենկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


© 2009 ARMENPRESS.am