Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում

18:15, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 3-12-ը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նվագախումբը հանդես կգա 8 համերգով:

Հյուրախաղերի առաջին համերգը սեպտեմբերի 3-ին է` Գարժիլեսում (Ֆրանսիա): Հավատարիմ մնալով իր ավանդույթներին` նվագախումբը համերգային ծրագրերում այս տարի էլ է ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի սեպտեմբերի 7-ին, Ժնևի «Վիկտորիա Հոլ»-ում կայանալիք  համերգին, որն անցկացվելու է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, ներկա է գտնվելու մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:  


© 2009 ARMENPRESS.am