Երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան մրցույթի հաղթողը հանդես կգա Երևանում
18:48, 23 Օգոստոս, 2014ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացվող` երիտասարդ դաշնակահարների Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի հաղթողն արդեն հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երիտասարդական նվագախմբից, սուր մրցակցային պայքարի արդյունքում առաջին մրցանակային տեղին արժանացավ պատանի Էրիկ Լուն, ով, կատարելով Շոպենի թիվ 1 սիմֆոնիան, այնքան է հիացրել փառատոնի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որ վերջինս պարզապես չի կարողացել մնալ անտարբեր և ներկայացել է իր կողմից սահմանված անակնկալ մրցանակով:
ՀՊԵՆ հատուկ մրցանակը Էրիկ Լուին հնարավորություն կընձեռի 2015/16թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես գալ Երևանում՝ ներկայանալով նվագախմբի հետ միևնույն բեմահարթակին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ ասիական հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկում՝ որպես իրադարձության պաշտոնական նվագախումբ: Օգոստոսի 11-18-ը ՀՊԵՆ-ը ելույթ ունեցավ Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ երիտասարդ դաշնակահարների Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև մրցույթի գալա-համերգին: Բացի այդ, նվագախումբը ելույթ ունեցավ առանձին համերգներով:
© 2009 ARMENPRESS.am