Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ` Արամ Հարությունյանը շրջայց է կատարել Մրգաշենի դպրոցում

16:52, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքային խնդիրներին, ինչպես նաև մարզպետարանի ու համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատանքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է մարզի Մրգաշեն համայնք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը ծանոթացել է տեղի մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաև մանուկների առօրյային և սննդակարգին՝ զրուցելով վերջիններիս հետ:

Այցելության շրջանակներում Արամ Հարությունյանը ծանոթացել է նաև Մրգաշենի միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ տարվող կազմակերպչական աշխատանքներին, շրջել է դասասենյակներում և գնահատել դպրոցի շենքային պայմանները: Դպրոցի մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզպետարանի հստակ դիրքորոշումները աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ՝ տալով համապատասխան հանձնարարականներ և ընդգծելով, որ նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցը պետք է արձանագրի նորովի հաջողություններ:

Այնուհետև մարզպետը շրջայց է կատարել «Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Բուժաշխատողների հետ հանդիպման շրջանակներում Կոտայքի մարզպետը կարևորել է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակական ցուցանիշների բարձրացմանը միտված գործողություններն ու մարզպետարանի հստակ դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ: Մրգաշենի բուժաշխատողներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է մշակել և իրագործել նաև առողջապահական ընկերության շարունակական զարգացումն ապահովող ծրագրեր և վերջիններիս իրագործման մեթոդաբանություններ:

Հերթական համայնքային այցելության ավարտին Արամ Հարությունյանը զրուցել է նաև տեղի ազգաբնակչության հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին:


© 2009 ARMENPRESS.am