Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Երևանի կոնյակի գործարան

21:51, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի այցելել է Երևանի կոնյակի գործարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, վրացական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ շրջել է գործարանով` ծանոթացել կոնյակի արտադրությանն ու գործարանի պատմությանը:

Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան մեկնարկել է օգոստոսի 21-ին և կավարտվի վաղը:   

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ` Հովիկ Աբրահամյանի ու Ղարիբաշվիլիի հանիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վրաստանի վարչապետն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրաստանի կառավարության ղեկավարին օգոստոսի 22-ին կընդունեն նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:  


© 2009 ARMENPRESS.am