Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ. Դավիթ Տոնոյան

16:42, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը:

-Արդյոք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջևանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով:

-Առանձնապես` ոչ:  Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Ձեր կողմից հիշատակված նախարարների հանդիպման վայրը նույնպես առանձնակի մտահոգությունների տեղիք չի տալիս, քանի որ այն պարզապես հանդիսանում է հնարավոր աշխարհագրական վայրերի տարբերակներից մեկը:

Այնուամենայնիվ, այս համագործակցության հետևանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում` դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ:


© 2009 ARMENPRESS.am