«Բազե»-ի նման ցանկացած երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը. Գալուստ Սահակյան

16:24, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում օգոստոսի 20-ին հյուրընկալվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհրդարանի նախագահը, ողջունելով հավաքի մասնակիցներին, նկատել է, որ «Բազեի»  կազմավորման փուլում որոշակի դերակատարում ունեցել է նաև ինքը։ «Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ «Բազե» ծրագիրը պետք է կայանա, և այն տարեցտարի ամրանում և ուժեղանում է։ Ուժեղներին և՜ հարգում են, և՜ փորձում են որոշակիորեն քննադատել։ Այսպես է կյանքի օրենքը։ Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք տարին մեկ անգամ հավաքվում են «Բազեի» շրջանակներում՝ ինքնադրսևորվելու, բացահայտելու իրենց կարողությունները։ Ցանկացած նման երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը»,- նշել է Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ երիտասարդների պայքարում հաղթում է գաղափարը, միասնությունը, որը պետք է ծառայի մեր հայրենիքին ու ժողովրդին։

ԱԺ նախագահը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանում քաղաքական ուժերի համագործակցությանը և այլ խնդիրների։

Խոսելով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ պետական ապարատում աշխատողների ավելի քան 60 տոկոսը մինչև 35 տարեկան են։ Խորհրդարանում ձևավորված է երիտասարդական խորհրդարան, որտեղ ներգրավված երիտասարդների ներուժը նույնպես օգտագործվում է։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նկատել է, որ խնդիրը քննարկումների փուլում է, և հաշվի կառնվի այն, ինչը քաղաքական ուժերի կողմից առավել ընդունելի կլինի։ «Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի հզորանա», - ասել է ԱԺ նախագահը։  

Խորհրդարանի խոսնակը դիտել է նաև բազեականների մշակութային և սպարտային մրցույթները։

«Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ 


© 2009 ARMENPRESS.am