Հայաստանը հատել է տարեկան 1 միլիոն զբոսաշրջիկների սահմանը

13:07, 13 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թվականին գերազանցել է 1 միլիոնի սահմանը: Դրա մասին են վկայում Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ մինչ նախորդ տարի վիճակագրությունն իրականացվում էր այլ մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում տվյալների անճշտգրտություններ են եղել, որոնք ուղղվել են նոր հետազոտության արդյունքում: «Այս տարվա տվյալներն արդեն հաշվարկված են Հայաստանի սահմանային անցման կետերում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազատություն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն: Հետազոտության արդյունքներով` ճշգրտվել է նաև 2013 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը և պարզվել, որ նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 090 հազար զբոսաշրջիկ: Այսինքն` արդեն նախորդ տարի մենք հատել ենք մեկ միլիոնի սահմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ապրեսյանը:

Նա նշեց, որ նոր հետազոտության հիման վրա կազմված վիճակագրության համաձայն` 2014 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան են այցելել 495 հազար 965 զբոսաշրջիկներ, այսինքն` նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով:

Մեխակ Ապրեսյանի խոսքով` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը պայմանավորված է մի քանի գործոններով: «Հայաստանը տարեցտարի հասանելի է դառնում համաշխարհային զբոսաշրջային շուկային, ինչը պայմանավորված է նաև բարենպաստ վիզային ռեժիմով և բաց երկնքի քաղաքականությամբ: Այս տարվա առաջին կիսամյակում դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունն  ավելացել է 28.7 տոկոսով: Բացի այդ, Հայաստանում առկա է նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիա, պահպանվում է զբոսաշրջիկների անվտանգությունն  ու հանրային առողջությունը»,- ասաց Ապրեսյանը:

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Վերջին տասնամյակում ոլորտի աճը տարեկան գերազանցում է 15-20 տոկոսը: Զբսաշրջության խթանման նպատակով Հայաստանն  իրականացրել է նաև վիզային ռեժիմի դյուրացման և բաց երկնքի քաղաքականություն` հնարավորինս մատչելի դարձնելով զբոսաշրջիկների համար Հայաստան այցելությունները:


© 2009 ARMENPRESS.am