Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինվորին

10:21, 6 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թիվն օրեցօր ավելանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA լրատվական գործակալությունը հայտնում է ադրբեջանական բանակի հերթական զինվորի զոհվելու մասին: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանական բանակի զինվոր Սահիլ Յաշար օղլու Թառլանլըն մահացել է հրազենային վերքից: Դեռեւս հայտնի չէ, թե նա ինչպիսի հանգամանքներում է վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանը հաճախ թաքցնում է առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները եւ, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, միայն վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 6 զինծառայող, որոնցից երկուսը ներկայացվել է որպես ոչ մարտական կորուստ, կոչումով մայոր մեկ սպա էլ մահացել է հիվանդությունից:


© 2009 ARMENPRESS.am