ԵԱՀԿ դիտարկումը ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի խախտումներ չի արձանագրել

14:02, 1 Օգոստոս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը oգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂԳ ԱԳ Նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:


© 2009 ARMENPRESS.am