Սեյրան Օհանյանն անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության գոտում սպառազինությունների վերահսկումը

18:25, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 31-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա:

Հերբերթ Սալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում:


© 2009 ARMENPRESS.am