ԻԼԻՊ-ը իրաքցի տասնյակ զինվորների մահապատժի է ենթարկել

15:25, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են ԻԼԻՊ անդամները իրաքյան զինվորներին զանգվածային սպանությունների ենթարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ցուցադրվող կադրերում զինյալները զինվորներին հրամայում են մտնել անապատում փորված փոսը և սկսում են հերթականությամբ կրակել նրանց գլուխներին: Տեսանյութում ցուցադրվում է, որ զինվորների մեկ այլ խմբի տանում են դեպի գետը և սկսում կրակել նրանց վրա և նետել ջուրը:

ԻԼԻՊ-ի զինյալները պայթեցրել են Մոսուլում գտնվող Ս. Հոգի կամ «Նավու» եկեղեցին: Նրանք եկեղեցում և պատերի տակ մեծ քանակությամբ ականներ են տեղադրել, ապա իրենց մեքենաներով շրջելով փողոցներում՝ ժողովրդին կոչ են արել ներկա գտնվել եկեղեցու պայթեցմանը, որ տեղի է ունեցել արշալույսին, իսկ իրենց բնակարաններից դուրս գալ չկարողացող տարեցներին հորդորել են բացել պատուհանները և տեսնել բարձրացող ծուխը:
Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր, երբ հունիսի սկզբից «Իսլամական պետություն»  կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Խմբավորման հսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը:


© 2009 ARMENPRESS.am