Բնապահպանության նախարարը սահմանել է ջրային տարածքներում որսի թույլատրելի չափաքանակները

15:03, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի չափաքանակները` կարաս՝ մինչև 100 տոննա, ծածան՝ մինչև 50 տոննա, խեցգետին՝ մինչև 2500 տոննա:

Հրամանով ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:

ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով:

Նախարարը հրամանը ստորագրելիս ղեկավարվել է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը: 


© 2009 ARMENPRESS.am