ԱՄՆ Հայ դատը ողջունում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի նոր ղեկավարի նշանակումը

13:03, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի ղեկավար է նշանակվել Հայոց ցեղասպանության դատապարտման երկարամյա ջատագով Դեյվիդ Սափերսթեյնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Washington Post-ը, նա կլինի այդ պաշտոնը զբաղեցնող առաջին ոչ քրիստոնյան: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել և շնորհավորել է Սափերսթեյնին նոր պաշտոնի առիթով:

Դեյվիդ Սափերսթեյնը ԱՄՆ-ի հրեական համայնքի առաջնորդն է, րաբբի և իրավաբան: 2007 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նամակում նա գրել էր. «1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ոգեկոչումը կրոնական և էթնիկ խտրականությունների հիման վրա արված էթնիկ զտումների դաժան հիշեցումն է: Ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածը, որ սկսվել է 1915-ին` օսմանյան թուրքերի կողմից, և դրան հաջորդած ևս 500 հազար հայերի աքսորը նորագույն պատմության ամենացավոտ և ամոթալի գլուխներից է: Կրոնական և ազգային անհանդուրժողականությունը խրախուսողներն այսօր հանգիստ են իրենց գործողություններում, քանզի գիտեն, որ անցյալում մարդիկ չափազանց երկար են լռել նման անարդարությունների վերաբերյալ»:


© 2009 ARMENPRESS.am