Վարչապետը հանձնարարեց նախարարներին աշխատել ՄԱԿ-ի հետ` ճշգրտելու Հայաստանի «Մարդկային կայուն զարգացման համաթիվը»

11:41, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության հրապարակած «Մարդային կայուն զարգացման» համաթվի` համահավասարության սկզբունքով ճշգրտման դեպքում Հայաստանի դիրքը կբարելավվի 15 կետով: Այս մասին Կառավարության նիստից առաջ նախարարներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ զեկույցը համահավասարեցման սկզբունքով ճշգրտելու դեպքում Հայաստանն առաջ կանցնի հարևան պետություննրից` Վրաստանից, Թուրքիայից, Իրանից: «Թեև 2014 թվականի զեկույցում Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, սակայն մեր գործակիցը պահպանվել է, և մենք գտնվում ենք 87-րդ տեղում: Կարծում եմ` պետք է բարելավում սպասել կրթական համակարգից, ինչպես նշվում է զեկույցում: Կառավարության ծրագրով մենք ամրագրել ենք պետության կողմից 12 տարվա պարտադիր կրթության ֆինանսավորումը: Այս տարվանից այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ կրթության նախարարությանը  ուշի ուշով հետևել զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ` 2015 թվականի զեկույցում ճշգրտված տվյալներ զետեղելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կարևոր է նաև է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությունը զեկույցի ճշգրտմանը, և հանձնարարեց նախարարին զբաղվել այդ հարցով:


© 2009 ARMENPRESS.am