Հաջորդ տարի ավարտին կմոտենա Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը

21:44, 30 Հուլիս, 2014

ԻՐԻՆԴ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքների ծավալները նվազել էին նախորդ երեք-չորս տարիների համեմատ, ինչի պատճառը ճարտարապետական լուծումների բարդությունն էր, սակայն լուծումները գտնվել են և մեկ ու կես տարվա ընթացքում ակնկալվում է ավարտել եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողներին հայտնեց  ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանն` Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի կարատած այցի շրջանակներում: 

«Հաջորդ տարվա բյուջեյով կնախատեսվի հուշարձանների վերականգնման աշխատանքներին հատկացված գումարների ավելացում, և այդ գումարների մի հատվածը նախատեսված է հատկացնել Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտին», - նշեց մշակույթի նախարարը: 

Արագածոտն մարզի Իրինդ գյուղյում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Մինչև մեր օրերը պահպանվել էին եկեղեցու հյուսիս-արևելյան հատվածը, իսկ մինչև թմբուկի վերին քիվը եկեղեցու հարավ-արևմտյան մասը պահպանվել էր 2-4 քարի շարքի չափով: 2007թ-ից առ այսօր եկեղեցում կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան: Իր կառուցման ոճով և ճարտարապետական դեկորով այն վերաբերվում է 680-ական թվականներին: Իր ծավալատարածական լուծումներով այն համահունչ է Եղվարդի  7-րդ դարի Զորավար եկեղեցուն:


© 2009 ARMENPRESS.am