Եվրոպան սկսվում է Լեռնային Ղարաբաղից. Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել The European Times-ին

16:15, 30 Հուլիս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր նպատակն Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանը հասնելն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, The European Times գործակալությանը տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ Արցախի ԱԳՆ-ի առաջնահերթությունների շարքում է ԼՂՀ ճանաչման ուղղությամբ դրական միտումների վերականգնումը, ինչպես նաեւ այլ պետությունների հետ լավ հարաբերությունների պահպանումը, հատկապես այն երկրների, որտեղ հայ համայնք կա: «ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը բոլոր փուլերում շատ կարեւոր է: Բանակցությունների սեղանին կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերման գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղի ժողովրդի ջանքերի շնորհիվ եւ արտերկրում բնակվող հայրենակիցների օգնությամբ ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է եւ հիմա ներդրումների համար լավ հեռանկարներ կան: «Ներդրողներին գրավում են մեր որակյալ աշխատուժն ու բաց, ազատական ներդրումային միջավայրը»,- ասել է նախարարը:

Կարեն Միրզոյանը նշել է, որ հաջորդ տարեվերջին պատրաստ կլինի Մարտակերտը Վարդենիսին կապող ճանապարհը: «Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումային գրավչություն է ապահովելու եւ հզոր խթան է հանդիսանալու երկրում զբոսաշրջության զարգացման համար»,- հավելել է նա:

ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղը ոչ միայն երկրի, այլեւ այդ հողում ապրող ժողովրդի անունն է. մարդիկ, ովքեր պայքարել են անկախության եւ ազատության համար: «Ոմանք ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այնտեղ է, որտեղ ավարտվում է Եվրոպան: Մենք ասում ենք՝ այստեղից Եվրոպան սկսվում է»,- եզրափակել է Կարեն Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am