Մահացել է Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետած ամերիկյան ինքնաթիռի ղեկապետը

10:47, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետած ամերիկյան ինքանաթիռի անձնակազմի կենդանի մանացած անդամներից վերջինը մահացել է Ջորջիայում՝ 93 տարեկան հասակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թեոդոր Վան Քիրկը, որը հայտնի Է նաեւ «Հոլանդացի» մականվամբ, 24 տարեկան Էր, երբ դարձավ Enola Gay ռմբակոծիչի ղեկապետ, ռմբակոծիչ, որը «Փոքրիկ» կոդային անվանմամբ ռումբը նետեց Ճապոնիայի քաղաքի վրա:  

1945 թվականի օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծման հետեւանքով զոհվեց շուրջ 140 հազար մարդ: Երեք օր անց ամերիկացիները եւս մեկ ռումբ նետեցին Նագասակի քաղաքի վրա, որտեղ զոհվեց շուրջ 80 հազար մարդ:

Վան Քիրկն ասել է, թե ինքը «չի զղջում» այդ առաքելության համար՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ դա օգնեց ավարտելու Երկրորդ համաշխարհային պատերազմը:


© 2009 ARMENPRESS.am