Սփյուռքահայ լրագրողներն ու երիտասարդ առաջնորդները հյուրընկալվեցին ՀՀ Նախագահի նստավայրում

21:52, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն հուլիսի 29-ին այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում հայապահպանությանն ուղղված նման ծրագրերի իրագործումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն հնարավորություն է տալիս նորովի ճանաչել Սփյուռքը, նրա կարիքները և աջակից լինել Սփյուռքի խնդիրների լուծմանը: Հայաստան-Սփյուռք գործակցությունը մշտապես գտնվում է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների, պահանջատիրության, ԼՂՀ անվտանգության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հիմնախնդիրներ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, ծանոթացան ՀՀ Նախագահի կողմից պետական և պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը և նշանակությանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվեց ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, Նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների և գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի և պետական մյուս մարմինների հետ  փոխհարաբերությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին և Նախագահի նստավայրից հեռացան հարուստ տպավորություններով:


© 2009 ARMENPRESS.am